ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ «ՔԱՌԱԿՈՒՍԻՆ»

ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ «ՔԱՌԱԿՈՒՍԻՆ»
19.11.2010 | 00:00

Չորրորդի շրջապտույտում անձնվեր առնվելով` «Մէկ քառակուսի մետր» թատերափառատոնի (հիմնադիր նախագահ` Գագիկ Ղազարէ) պրիզմայով հնարավորինս բացահայտեցի ինքս ինձ, գործընկերներիս ու, որքան էլ տարօրինակ թվա, իրենց իսկ` մասնակիցների համար ՆՓԱԿ-ի (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) ինքնատիպ ներկայության անուրանալի կարևորությունը որպես մշակութային տարբեր հակումների (մինչև իսկ` քմահաճույքների) անկաշկանդ դրսևորման նոր ասպարեզ։ Մասնագիտական կրթարաններում ստացած թերուսուցումն ինքնակամ հաղթահարելու անհագ ցանկությամբ հատկապես հարազատացան թատերարվեստում իրենց տեղը գտնելու կարկամ փորձերին առանց հմուտ «գլխավոր դիրիժորի» ապավինած տարաշնորհ երիտասարդները։ Հանրաճանաչման կցկտուր գովազդը (ասենք, պետական հայտնի թատրոնների գործունեությունն էլ պատշաճ չի գովազդվում ու լուսաբանվում), քչերին հասու լինելով, այնուամենայնիվ, համառ հետաքրքրասերներին մատնացույց է արել ստեղծագործական ազատություն արտոնող այս մշակութակղզյակին հասցնող կածանը։ ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի ուսանողներ Մարինեն ու Արփինեն, օրինակ, փնտրել-գտել ու Ժան Կոկտոյի «Ձայն մարդկային»-ի իրենց պարզունակ ու գերզգացմունքային աղջնակային թատերատեսիլքով առանց դժվարության ներգրավվել էին չորրորդ «Քառակուսում»։ Նույն նախանձախնդրությամբ, ցավոք, հետո չջանացին ՆՓԱԿ-ի նորահայտ հյուրընկալ ասպարեզում անսպասելիորեն գտնված ինքնարտահայտման իրական հնարավորությունը պահպանել` այլևս բաց չթողնելով մայրաքաղաքային թատերաերիտասարդությանը ստեղծագործական փոխշփումների սերտացմամբ մերվելու չպարտավորեցնող «Քառակուսային» հրաշալի առիթը, որով «ՄԱրփի» թատրոնի ծնունդն էլ, փաստորեն, անփութորեն չխնամված երկմիասնության արժեզրկմամբ, արգանդում խեղվեց։
Տրտնջալով հասարակությունը բզկտող անտարբերությունից` արվեստագետի հավակնություններով շատերն իրենք են հանցավոր անտարբերությամբ ամլացնում բեմական «ես»-ի ի հայտ բերած առողջ սաղմերը։ Ապրած օրերից քաղած տպավորությունները թղթին հանձնելիս չեն կարևորում համաշխարհային գրականության խորիմացությամբ գրիչը գեղարվեստական պատկերավոր ընդհանրացմամբ իմաստավորելը։ Եվ, այդպիսով, մշակութային մարդկային նկարագրում անպտղության մանրէների բնավորմանն ակամա բարենպաստ միջավայր են ստեղծում։ Փոքր-ինչ խիստ ձևակերպման հանգեցի` մտաբերելով մայրական գորովս` թե՛ նրանց, թե՛ թատրոնով հրապուրված բազում հասակակիցներին երբևէ չխնայված։ Նրանց հանգույն «ազատ բեմահարթակի» բացակայությունից, իբր, կապանքվող քանի՜-քանիսն են քամահրել ՆՓԱԿ-ում իրենց գտածը փայփայելու ու զարգացնելու անհրաժեշտությունը։ Իհարկե, ֆինանսական օժանդակության ակնկալիքների փլուզումն էլ որոշակի դեր ունի այս տխուր իրավիճակի արմատավորման մեջ։ Սոնիա և Էդուարդ Պալասանյան ամուսինների հիմնադրամի խորհրդանշական պարունակությամբ, առանց հովանավորչական պատկառելի ներարկումների, անկարելի է մեր օրերում համակողմանի հուժկու թափ հաղորդել սոցիալականի ճիրաններում անզոր թպրտացող արվեստասերների ստեղծագործական հակումների լիարժեք բացահայտմանն ու բյուրեղացմանը։ Հենց այդ նկատառումով էլ գտնվել է արտասովոր ձևաչափային հնարքը` մեկ քառակուսիով սահմանափակված «թատերահարթակի» և «մեկ կադր, մեկ րոպե» կինոժապավենի արտառոց թվացող սեղմ տարածքում ի հայտ է բերել բնատուր օժտվածության անկաշկանդ փայլատակումները` երևակայության և մտքի համադաշն գեղախորունկ թանձրուկով։ Ի տարբերություն միջազգայինի համարում ձեռք բերած կինոփառատոնի, նույն հավակնությամբ կազմակերպվող թատերականում որակական կտրուկ առաջընթաց, գոնե առայժմ, չի նկատվում։ Մինչդեռ, առանց ձախողվելուց բարդույթավորվելու մտավախության, այստեղ իրենց թատերատվայտանքներին հագուրդ տալու ծայրահեղ անհրաժեշտ լծակներ են գտնում ամենատարբեր մասնագիտական կրթություն ունեցողներն ու չունեցողները, ինքնարտահայտման հավելյալ հոգետարածք որոնողները։ Քչերն են, սակայն, ըստ արժանվույն գնահատում որևէ այլ հարկի տակ չընձեռվածի համեստ մատուցումն այստեղ ու օգտվում ցմրուր։ Անգամ ՆՓԱԿ-ի ակտիվում սիրահոժար ընդգրկվածները։ Փորձարկելով իրենց հավանական ունակությունները միաժամանակ թատրոնի ու կինոյի ասպարեզներում, խաղալով իրենց հեղինակած ու բեմադրած պիեսների ներկայացումներում, նկարահանելով սեփական հորինվածքները` այդպես էլ չեն կողմնորոշվում, թե կոնկրետ որն է իրենց կոչումը։ Կարծեմ, միայն Համլետ Վարդանյանն է, որ հիմա գերապատվությունը կինոյին է տալիս։ Երևի թե կենսափորձի հարստացմամբ և գլխավոր նախասիրությանը սեփական պիտանիության գիտակցմամբ մշակութային ցաքուցրիվ ներուժն ուրիշներն էլ խելամիտ կենտրոնացնեն` ի վերջո գտնելով իրենց գործունեության ամենառացիոնալ բնագավառը։ Ամեն դեպքում, լավ է, որ կա մի ստեղծագործական ազատ ասպարեզ, որտեղ քիչ թե շատ օժտված երիտասարդները կարող են հոգևոր լիցքեր քաղել անթաքույց նվիրական ցանկությունների իրականացմամբ։ Արվեստի հանդեպ նրանց սիրուն գործնականում արտահայտվելու նվազագույն, բայց իրական հնարավորություն տալով` ՆՓԱԿ-ում մեծապես նպաստում են մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանը (ավելի փորձարարությանը, քան փորձառությանը նպաստելով)։
Բարձր գնահատելով մշակութային այս ուրույն օջախի նշանակությունը նաև բարեկիրթ քաղաքացի կրթելու տեսակետից` սիրով ընդունում եմ առաջին` 5-ամյա հոբելյանին հյուրընկալվելու հրավերը։ Նախորդում իմ ու Կարինե Խոդիկյանի համակամությամբ ծնված «Նոր խաղ» հանդեսի լույս ընծայումը, որպես «Դրամատուրգիա» 10-ամյա պարբերականի առաջին երիտասարդական (դեբյուտային) հավելված, չափազանց խանդավառել էր մեզ։ Նորահաստատ թատերաբարեկամությամբ միանգամայն իրատեսական էին թվում արդեն ծանոթների վստահ առաջաքայլն ու նոր շնորհալիների ի հայտ բերման ակնկալությունը։ Համանման տրամադրվածությամբ փառատոնային 15 անուն (10-ը` մրցութային) ներկայացումներում թատերառեժիսուրայի նշխարներ էր որոնում Արմեն Մեհրաբյանը` արդի հայ բեմարվեստում համարձակ նորարարության պիոները (ավաղ, ի դերև ելան դրամատուրգիական նոր տպավորիչ թոթովանքների հետ կապված հույսերը, ինչպես նաև ռեժիսորական համարձակ «Քառակուս»անորարարության)։
Ֆրանսուհի հեքիաթասաց Լորելին Քյոնիգի «Քամին» բեմապատումին և Սոնիա Պալասանյանի չափածոյի ծվեն «Ես ու դու»-ի հենքով դերասանուհի Գայանե Եղիազարյանի տված ներքին վերապրումի «դժվարամարս» վարպետության համրաձայն դասին հաջորդած մնջախաղային կենսախինդ էտյուդը, ԵԹԿՊԻ-ի ուսանող Տիգրան Ավետիսյանի դյուրընկալ կենսախինդ մարմնավորմամբ, հուսադրող ազդականչը դարձավ մրցույթի մեկնարկի։ Այնուհետև ներկայացումից ներկայացում գլորվելով մեծացավ ինքնագործունեության թատերաձնագունդը` ինչ-ինչ շնորհներ երևակելով մրցակցողների բեմաթոթովանքներում։ Գայանե Եղիազարյանի անգերազանցելի արտիստական հմայքով կենդանացավ Ավետիք Իսահակյանի «Ծառա Սիմոնը»` կախարդելով հանդիսասրահը խոսքի նրբիմաստների լակոնիկ կերպարայնությամբ ու անսեթևեթ պլաստիկ շաղկապվածությամբ։ Անհամեմատ կառուցիկ թատերագրավչությամբ անզեն աչքով էլ առանձնանում էին Գագիկ Ղազարէի բեմավորած «Մխիթար Հերացու 8/2, Մխիթարյանների տուն» զավեշտախաղը (ըստ Չեխովի երկու պատմվածքների) և ԳարՍուի «Էրեխեքը» էքսպրոմտ-բեմադրամտահղացումը` ժամանակակից հեքիաթ-սկետչ, որում հրաշալի էր գտնված Նարեկ Սարյան-Զառա Առաքելյան զուգախաղը (վերջինիս մանկաջինջ անմիջականությամբ արտասովոր թատերաթրթիռ էր հաղորդվում խաղընկերոջ «կիթառախոսքին»)։ Ակնհայտ թատերաշնորհների ազատ դրսևորման կայուն հարթակ գտնելով ՆՓԱԿ-ում` ԳարՍուն (Գարիկ Հովհաննիսյան), ով կյանքի երևույթների սրաչք դիտողունակության բազմաշերտ ստեղծագործական նկարագրով շատերի մշակութային ուշադրության կենտրոնում հայտնվեց հեղինակային «Բարև, մահ ջան» մենաներկայացմամբ և գրական առաջնեկի` «Քնած չղջիկի վերելքը» «պոեմ ծաղկեփնջի» երբեմն-երբեմն զարմանալի տարողունակ խոհացայտումներով, ըստ էության, դեռևս չի ցուցանում վերընթացի ենթադրվող զորեղ նախանշան։ Կարծում եմ, երիտասարդական շտապողականությունը, որ հատուկ է միևնույն «Քառակուսում» «եփվող» շատերին, կենսափորձի իմաստնությամբ շուտով կհանդարտվի։ Եվ ամենաշնորհալին` ԳարՍուն, կհարստացնի իր հեղինակային թատրոնի խաղացանկը արվեստագետի հասունացման արգասիք նոր թատերաողջակեզներով։ Իր իսկ հավատամքին («Ինձ ամենասիրելին բեմ կոչվող զոհասեղանն է») արժանի համակողմանի հղկված գեղարվեստական բարձրարվեստ ստեղծագործություններով։
Սարոյանի «Սովյալների» տարընթերցման Անիի ու Ազգանուշի համարձակ համախոհությունը, հագեցած չլինելով մեծատաղանդ ամերիկահայ գրողի անշփոթելի աշխարհի ոգով ու լիավյուն ընկալմամբ, նույնքան համարձակ բեմատիպարով չմատուցվեց։ Բեմական ակնառու հմայքը բազմերանգացնելու կարոտ են դեռևս Անին ու Եվան, Աղունիկն ու Տաթևիկը, Սուրենն ու Արտյոմը։ Ապագա վիրաբույժ Օնիկը «Խաչմերուկ»-ով (ըստ Անահիտ Հայրապետյանի «Պոեմ համար զրո կամ թանկագինս» երկի) վկայեց հաստատակամությունը պոեզիայի թատերայնացման մեջ հմտանալու։ Իրենց անկեղծորեն մտահոգող արատավոր երևույթների բեմավորմանը պիտի որ դժվարանային ենթադրվող գեղարվեստական արժեքավորությունն ապահովել տկար կենսափորձով ու մասնագիտացմամբ վեհերոտ թատերաքայլեր անող տասնյակ մրցակիցները, որոնցից շատերը` Անուշն ու Նարեն, Արմենն ու Վահանը, Դավիթն ու Մելինեն, նույնիսկ համեմատաբար հաջողված փորձերով առաջատար դարձած Ալի Անսարին, ոչ մի կերպ չէին համակերպվում ամենօրյա քննարկումներում արտահայտված անաչառ դիտարկումներին` գերադասելով «ընկերային» քաղցր սուտը, երբեմն զարմացնելով անդրդվելի ինքնագոհությամբ` սկսնակ արվեստագետին սպանող հաշիշով։ Լավ կլիներ, իհարկե, անկողմնակալ ներքին ձայնին գեթ անսալով, ուղղորդեին ինքնապաշտպանական զինանոցը դեպի իրական կատարելության վերելքի հաղթահարումը։
Ինքնանպատակ չպիտի լինի թերաշխատ նորաթուխ բեմավարժանքներով շուտափույթ հայտնությունը թատերափառատոնի սև խորանարդին։ ՆՓԱԿ-ում ընձեռված փորձառության բացառիկ հնարավորությունը տևական տքնաջան աշխատանքով միայն արգասաբեր կլինի։ Ձեռնարկած բեմադրություններն այդ պարագայում միայն կարող են նպաստավոր լինել մասնակիցների վարպետացմանը։ Եվ առավելագույնս անխոցելի` պրպտուն մտքով ու կարծրատիպերից ձերբազատվելու անհողդողդ կամքով։ Հարաճուն թատերամարտունակությամբ միայն ինքնաբացահայտման «Քառակուսին» տարողունակ կներկայանա փառատոնային բազմաշերտ հանդիսատեսին։
Հինգերորդի խայտաբղետ բեմադրսևորումների համապատկերում ահազանգի նման ցայտեց մասնագիտական կրթարանների թերարժեքության անհապաղ կասեցման անհրաժեշտությունը։ «Քառակուսու» հանդեպ ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատու աշխատակցի, ԶԼՄ-ների, ԵԹԿՊԻ-ի ուսանողության «պատվիրակների» (զարմանալիորեն չի կայանում համախոհությունը թատերարվեստում հաստատվելու հայտ ներկայացնող երիտասարդների միջև), բազմափորձ թատերագործիչների հետաքրքրության աճը հույսեր է ներշնչում ՆՓԱԿ-ում ինքնադրսևորման հնարավորություն փնտրող ու արդեն ստացած նվիրյալ շնորհալիների թատերահեռանկարների մոտալուտ պայծառացման։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2645

Մեկնաբանություններ